Рубрика: Մեր քննարկումները

Գրողի խոստովանություն. Վիլյամ Սարոյան

1934 թվի հոկտեմբերի 15-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը` «Խիզախ երիտասարդը թռիչքաձողի վրա և այլ պատմվածքները»: 1934 թիվը միանգամայն մոտ է թվում, բայց փաստն այն է, որ արդեն քսան տարի է, ինչ ես գրում եմ: Այդ քսան տարիներին շատ բաներ պատահեցին, այդ թվում` և ինձ հետ:
Գրելուց բացի, որևէ այլ ճանապարհով գոնե մեկ դոլար չեմ վաստակել: Գրել եմ կարճ պատմվածքներ, պիեսներ, վեպեր, ակնարկներ, բանաստեղծություններ, գրախոսություններ, բազմազան մեկնաբանություններ, խմբագիրներին ուղղված նամակներ, անձնական նամակներ և երգեր:
Ոչինչ չեմ գրել պատվերով, պայմանագրով կամ փողի համար, թեպետ գրածներիս մեծ մասով փող եմ վաստակել: Եթե մի խմբագիր հավաներ պատմվածքս այնպես, ինչպես գրել էի, կարող էր գնել: Եթե պատվիրեր փոխել որոշ մասեր, չէի անի: Ոչ ոք չի պատվիրել: Մի խմբագիր կամայականություններ էր թույլ տվել Ծննդյան տոների առթիվ գրած մի կարճառոտ գործիս հանդեպ, և մի հեղինակ, որի խոհարարական գրքի համար նախաբան էի գրել անվճար, մի քանի տող էր ավելացրել` փորձելով ինձ հայրենասեր զինվոր ներկայացնել: Ես բողոքեցի խմբագրի և խոհարարական գրքի հեղինակի դեմ, բայց, իհարկե, վնասն արդեն կար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ես որևէ քարոզչական բան չգրեցի, թեպետ մի շարք անգամներ ինձ հրավիրել են գրելու: Բանն այն է, որ քսան տարի շարունակ ես եղել եմ ամերիկացի գրող` լիովին ազատ ու անկախ:
Որպես տպագրվող գրող` անցած քսան տարիներս համարում եմ կյանքիս առաջին կեսը, իսկ հաջորդ քսան տարիներս` երկրորդ կեսը: Երբ այդ տարիներն անցնեն, ես վաթսունվեց տարեկան կլինեմ, գուցե շատ ծեր, գուցե` ոչ: Հաջորդ քսան տարիներին ես ակնկալում եմ ավելի շատ ստեղծագործել, քան առաջին քսան տարիներին եմ արել, թեպետ այս շրջանը մի շարք խոչընդոտներով եմ սկսում: Նախ և առաջ, ես այնքան շատ ժամկետանց հարկեր ունեմ վճարելու, որ թվաբանորեն գրեթե անհնար է գրելով այդ հաշիվները փակել, ու նաև ձեռք եմ բերել այլ անձնական, բարոյական և ֆինանսական պարտավորություններ:
Ես երբեք նպաստառու չեմ եղել, երբեք չեմ ընդունել որևէ գրական մրցանակի կամ պարգևի դրամական օժանդակությունը, երբեք մշտական եկամուտ չեմ ունեցել ու երբեք դրամաշնորհ կամ թոշակ չեմ ստացել: Առաջին գրքիս հրատարակությունից մեկ-երկու տարի հետո ընկերներս ինձ ստիպեցին դիմում ներկայացնել` Գագենհեմի ընկերակցության անդամ դառնալու համար: Ի հակառակ իմ առողջ դատողության` ես դիմում ներկայացրի, որը անհրաժեշտաբար, եթե ոչ միտումնավոր, պատահականություն էր: Օրինակ, ես ինչպե՞ս պիտի իմանայի, թե ինչ եմ ուզում գրել: Հավանաբար, չէի կարողացել նկարագրել: Իմ դիմումը մերժվեց, և ես կրկին սկսեցի ազատ շնչել:
Ես գլխովին թաղված եմ պարտքերի մեջ: Ակնկալում եմ, որ պարտքերս կմարեմ գրելով կամ էլ ոչ մի կերպ չեմ մարի: Ես ո’չ խնայողություններ ունեմ, ո’չ բաժնետոմսեր, ո’չ անշարժ գույք, ո’չ ապահովագրություն, ո’չ կանխիկ գումար և ո’չ էլ որևէ իրական սեփականություն, որը կարելի լինի փոխանակել փոքր-ինչ պիտանի փողով: Ես պարզապես ստիպված եմ եռանդուն գործել` ապրուստս հայթայթելու համար: Այս ամենն անանձնաբար եմ նշում, որպես փաստեր, և ոչ թե խղճահարություն արթնացնելու համար: Ինձ դա պետք չէ:
Թե որ բնույթով գործնական մարդ լինեի, հիմա, ինչպես ասում են, ֆինանսապես ապահովված կլինեի: Կարծում եմ` ֆինանսական ապահովությունը վատ բան չէ, բայց ես այլ ապահովություն եմ նախընտրում: Նախընտրում եմ ընդունել այն ճշմարտությունը, որ պետք է աշխատեմ, և հավատալ, որ կարող եմ:
Ես ահագին փող եմ վատնել, որը վաստակել եմ որպես գրող, իսկ մեծ մասը տանուլ եմ տվել խաղամոլությամբ: Թվում է, թե բնույթով վատնող ու խաղամոլ եմ եղել. այդքան բան: Վաստակածիս մի մասը բաժանել եմ, գուցեև` մեծ մասը: Ես գիտեմ, թե ինչ ասել է փող ունենալու անհարմարավետություն, որ զգացել եմ, երբ փող եմ ունեցել, և այն պարտադրանքը, որ զգացել եմ այս կամ այն կերպ այդ փողից ազատվելու համար: Կարծում եմ` ես զգացել եմ, որ կարիք ունեմ միայն գրող լինել, ստեղծագործող գրող և ոչ թե հաջողակ մեկը:
Փող դիզելու կարողությունը կամ պարտադրանքը միշտ թվացել է բարդ, եթե ոչ վիրավորական մի բան: Մինչդեռ ես միշտ համակրել եմ այն մարդկանց, ովքեր վարպետորեն են փող դիզում, ովքեր գիտեն, թե ինչպես օրինական ճանապարհով խուսափել հարկեր վճարելուց, ինչպես ճիշտ ժամանակին խցկվել փող շինելու այնպիսի նոր ու շահութաբեր տարածքներ, ինչպիսիք են ներդրումները, անշարժ գույքը, գյուտերը, նավթը, ուրանը, պետական պայմանագրերը, պիեսներին աջակցելը, մշակող արդյունաբերությունը և մարքեթինգը: Ինձ միշտ զվարճացրել է այդ մարդկանց ակնառու խորաթափանցությունը, նույնիսկ, երբ ի’նձ են հաղթել իրենց խորամանկությամբ:
Օրինակ, երբ ծառայում էի բանակում` Օհայոի ձների մեջ, խոր ձմռանը մի շատ ճարպիկ փողատեր, որը բավականին հարուստ ու երիտասարդ էր և չէր ծառայում բանակում, Նյու Յորքից թռել էր Օհայո` ինձ հետ քննարկելու այն փոփոխությունները, որոնք, ինքը զգում էր, ես պետք է անեի իմ պիեսներից մեկում, որի համար նա ինձ նախապես հազար դոլար էր վճարել: Ես նրան հանդիպեցի այն ժամանակ, երբ ինձ թույլատրեցին` ըստ բանակային կանոնադրության, մինչև վերջ ուշադիր լսեցի, և դա ինձնից ահագին ժամանակ խլեց, որը ես կնախընտրեի ինձ համար պահել: Մարդը խոսում էր ու խոսում, և հանկարծ ես հասկացա, որ իրականում նա ցանկանում էր, բայց չէր կարողանում ասել, որ ինքը զգում էր` պիեսը հաջողություն չի ունենա, և չգիտեր ինչ անել այդ հազար դոլարի հետ: Դա ինձ չզարմացրեց: Ես հազար դոլարի չեկ տարա հյուրանոց և մի կարճ երկտողի հետ թողեցի սեղանին: Ուզում էի տեսնել` արդյոք կանխազգացումս ճի՞շտ էր: Ճիշտ էր: Հաջորդ երեկոյան մենք պետք է հանդիպեինք: Չհանդիպեցինք: Նա չեկը ձեռքին վերադարձավ Նյու Յորք, վերածեց կանխիկի, և ես այլևս նրանից լուր չստացա: Ես այդ հազար դոլարը վերադարձնելու որևէ իրավական կամ նույնիսկ բարոյական պատճառ չունեի: Պարզապես չկարողացա դիմանալ, երբ տեսա, թե որքան էր նա վշտացել այդ փոքր գումարի պատճառով` ամբողջ ժամանակ ձևացնելով, թե իրեն միայն արվեստն է հետաքրքրում:
Երբ Հոլիվուդի կինոարտադրող խոշորագույն ընկերություններից մեկում ես հայտնաբերեցի, որ ինձ խաբելով մղել էին անպետք գործարքի, հանդիպեցի ղեկավարներին, ովքեր իրականացրել էին այդ հիասքանչ խաբեությունը, ապացուցեցի, որ խաբել էին, նստեցի մեքենաս և ուղևորվեցի Սան Ֆրանցիսկո: Տարիներ անց ինձ ասացին, որ ըստ համաձայնագրի` խաբեությանը վերաբերող կետի, ինձ հասանելիք վարձատրություն էր մնացել այնտեղ, որը տատանվում էր հինգից տասնհինգ հազար դոլարի միջև: Ես երբեք չհետաքննեցի այդ հարցը: Ընկերությունն ու նրա գլխավոր փայատերերը միլիոնների հասնող շահույթ էին կորզում խղճուկ քարոզչական կինոնկարներից` ջանասիրաբար ու եկամտաբեր աշխատելով կառավարության հետ, բայց և այնպես, վեց թե յոթ ղեկավարներ անչափ անհրաժեշտ էին համարել համերաշխորեն գործելով` խաբել այն գրողին, որի պատմվածքն այնքան դժվարությամբ էին ձեռք բերել՝ ստանալով երեք-չորս միլիոն դոլարի հասույթ: Ես պատկերացում չունեմ, թե նրանք ինչ են արել այդ փողով, բայց վստահ եմ, որ ծախսել են զգուշավոր ու անմիտ մի բանի վրա:
Իմ առաջին գրքի հրատարակությունից առաջ ես չէի խմում, բայց երբ այն լույս տեսավ, ես հայտնաբերեցի խմելու իմաստնությունը, և կարծում եմ` մի պահ արժե այս մասին մտածել:
1935 թվին չափավոր էի խմում և կյանքումս առաջին անգամ ճամփորդեցի Եվրոպայով, բայց հաջորդ ինը տարիներին, նախքան բանակ զորակոչվելս, խմում էի այնքան, որքան ուզում էի, և հաճախ ինը-տասը ժամ անընդմեջ խմում էի:
Այնուհանդերձ, շատ հազվադեպ էի հարբում: Ես բավականություն էի ստանում, երբ խմում էի ու բարձրաձայն զրուցում ընկերներիս հետ, որոնք գրողներ էին, նկարիչներ, քանդակագործներ, լրագրողներ և Սան Ֆրանցիսկոյում մեզ ծանոթ աղջիկներ ու կանայք:
Լավ ընկերակիցների հետ խմելը լավ է գրողի համար, բայց թող գրողն ուշադրություն դարձնի այս համեստ և գուցե ոչ անհրաժեշտ զգուշացմանը. վերջ տվեք խմելուն, երբ խմելն ինքն է սկսում վերջ դառնալ, քանզի դա անմիտ վերջ է: Կարծում եմ` ես շատ բան եմ սովորել ընկերներիս հետ խմելով, այնպես, ինչպես մեզնից շատերը կարող են ասել` մենք շատ բան ենք սովորել քնի մեջ: Բայց և այնպես, մի հաստատված սահման կա այն ամենի համար, ինչը կարելի է սովորել խմելով:
Անցած քսան տարիներին իմ գրածների մեջ ինչի՞ համար եմ զղջում:
Ոչնչի: Ոչ մի բառի համար:
Ես բավարա՞ր չափով եմ գրել:
Ո’չ: Ոչ մի գրող երբևէ բավարար չափով չի գրում:
Ես կարո՞ղ էի այլ կերպ գրել: Ասենք` ավելի խելամտորեն:
Ո’չ:
Նախ, ես միշտ փորձել եմ անել լավագույնը, այնպես, ինչպես ես եմ հասկանում փորձելը: Երկրորդ, կարծում եմ` ես միշտ էլ խելամիտ եմ եղել:
Հետո, ի՞նչ կասեմ որոշ քննադատների և ընթերցողների այն տեսության մասին, թե իմ գրածը ռեալիստական չէ ու սենտիմենտալ է:
Դե, ես կարծում եմ` նրանք սխալվում են: Այն գրվածքում, որը տպավորիչ է, ես չեմ կարծում` որևէ բան ոչ ռեալիստական է: Ինչ վերաբերում է իմ սեփական գրվածքին, կարծում եմ` այն միշտ ռեալիստական է եղել իր էությամբ, եթե ոչ արտաքին ձևով նաև: Կարծում եմ` իմ գրվածքը սենտիմենտալ չէ, թեպետ մարդ արարած լինելն ինքնին շատ սենտիմենտալ է:
Երբ գրում եմ, վերադառնում եմ Սան Ֆրանցիսկո, որտեղ ապրում էի, երբ հրատարակվեց իմ առաջին գիրքը, և որտեղ արդեն վեց-յոթ տարի չէի ապրում, և օրը հոկտեմբերի տասներեքն է: Երկու օր առաջ Մալիբուից մեքենայով եկա այստեղ, որ տասը-տասնմեկ օր մնամ, մինչև ծովափնյա իմ տունը ներս ու դրսից ներկեն: Ես չեմ եկել Սան Ֆրանցիսկո, որպեսզի այստեղ լինեմ իմ առաջին գրքի հրատարակության քսանամյակի առթիվ, այնուհանդերձ, ես այստեղ կլինեմ այդ օրը:
Արդեն հասցրել եմ զբոսնել Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող իմ ճանաչած բոլոր վայրերում, որպեսզի կրկին տեսնեմ այն տները, որտեղ ապրել եմ: «Քարլ Սթրիթ, 348», «Դիվիզադերո, 1707», «Սաթըր, 2378», «Նաթոմա, 123». եղել եմ նաև ամենատարբեր վայրերում, որտեղ աշխատել եմ նախքան ազգային ամսագրում պատմվածքիս տպագրվելը. Փոստահեռագրային ընկերության զանազան մասնաճյուղային գրասենյակներում` Մարքիթ Սթրիթում գտնվող «Փալիս Հոթել Բիլդինգում», Փաուել Սթրիթում գտնվող «Մարքիթում», Թեյլորում գտնվող Գոուլդըն Գեյթ Թիըթը Բիլդինգի «Մարքիթում» և «Երրորդի» կողքին գտնվող «Բրանան, 405»-ում:
Առաջին երեք գրասենյակներում գործավար ու ռադիոհեռագրիչ եմ աշխատել, իսկ «Բրանանում» արդեն գրասենյակի վարիչ էի: Ես միշտ հպարտացել եմ դրանով, քանի որ Ամերիկայի Փոստահեռագրային ընկերության մասնաճյուղային գրասենյակի ամենաերիտասարդ վարիչն էի. տասնինը տարեկան և առանց ավագ դպրոցի դիպլոմի:
Երեկ ես քայլեցի «Քրիսթըլ Փալիս Մարքիթով» և այցելեցի «Ֆիորե դ’Իտալիա» կոչվող այն կրպակը, որտեղ մի ժամանակ կարտոֆիլ ու լոլիկ էի կրում:
Ես մտա «Մարքիթում» և «Վեցերորդում» գտնվող շենքերը, որտեղ տեղակայված են «Նոճիների Մարգագետնի Գերեզմանային Ընկերության» գրասենյակները: Այնտեղ էլ եմ աշխատել:
Փոխնախագահը հարցրել էր. «Դուք մտադիր եք «Նոճիների Մարգագետինը» դարձնել ձեր ողջ կյանքի գործունեությո՞ւնը»:
Ես ասել էի` այո’, պարոն:
Եվ ստացել էի աշխատանքը:
Մի ամիս հետո հեռացա այնտեղից, բայց այդ աշխատանքն արժեքավոր փորձառություն էր ինձ համար: Հիշում եմ, թե ինչպես Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ փոխնախագահը դառնագին գանգատվեց, որ գրիպի համաճարակի բացակայության պատճառով ընկերության գործունեության ծավալը դեկտեմբեր ամսվա ընթացքում 22 տոկոսով կրճատվել էր` նախորդ տարվա համեմատ:
Ես նշեցի. «Բայց, ի վերջո, բոլորը կվարակվեն, այնպես չէ՞»:
Փոխնախագահն ակնոցը բարձրացրեց քթի կամրջակից ու դրեց ճակատին, որպեսզի մեկ անգամ էլ նայի ինձ:
«Ես գրող եմ, – ասացի, – դեռ անտիպ»:
Նա ինձ խնդրեց նայել որոշ լոզունգների, որ ինքն էր ստեղծել ընկերության համար. «Inter here. A lot for your money»1:
Ես ասացի, որ նա հոտառություն ուներ:
Ոտքով անցա Էմբարկադերոյով ու հասա «Դոդդ Ուեըհաուս», կտրեցի անցա «Փիեր, 17»-ը, քանի որ այնտեղ էլ եմ մի ամիս աշխատել: Այդ աշխատանքի հետ կապված միակ խնդիրն այն էր, որ ամեն կեսօրյա նախաճաշին նավահանգստային բեռնակիրները հավաքվում ու զառ էին խաղում դատարկ, բաց վագոնում կամ նավանորոգարանի հսկայակույտ անտառանյութի ետնամասում: Իմ շաբաթական կանխիկ եկամուտը չնչին էր, թեպետ ես ընկերացա Դաֆբելի անունով մեծն նեգր զառ խաղացողի և խաղի կազմակերպչի հետ: Այդ հեռավոր կեսօրյա զառախաղերի ընթացքում ծովեզերքին իջնող արևալույսը հիասքանչ էր, ու երբ երեկ գնացի այնտեղ, աչքիս առաջ հառնեց այն հսկայամարմին ծերունին, որ խաղի թվերն էր կանչում, ու ես հիշեցի. երբ նա նկատում էր, որ ես խաղագումար չեմ դնում, ճշգրտորեն կռահում էր, որ միջոցներս սպառվել են, ուստի աննկատ ձեռքս էր խոթում մեկ-երկու արծաթադրամ, որպեսզի կրկին խաղի մեջ մտնեմ:
Մի անգամ, երբ երեք օր շարունակ ինձ հեռու պահեցի խաղից` հույս ունենալով շաբաթ օրվա երեկոյի համար գրպանումս մի քանի դոլար ունենալ, Դաֆբելին ում տեսել, հարցրել էր. «Ո՞ւր է կորել էդ դժոխքի բաժին հայը»2:
Ես, «Դոդդ Ուեըհաուսում» նստած, սենդվիչներ էի ուտում և Ջեք Լոնդոն կարդում. ահա թե որտեղ էի:
Քսան տարի առաջ այս նույն օրը` հոկտեմբերի 13-ին, հենց «Քարլսթրիթ, 348»-ում էր, որ բացեցի «Ռանդոմ Հաուս» հրատարակչությունից ուղարկված փաթեթը և տեսա իմ առաջին գրքի օրինակը: Գրողը տանի, էդ ի՜նչ պահ էր: Ես այնքան էի հուզվել, որ չկարողացա փաթաթել «Բուլ Դարհամ» սիգարետս: Երեք անգամ փորձելուց հետո վերջապես փաթաթեցի ու սկսեցի ծուխը ներս քաշել ու արձակել` փոքր-ինչ խենթացած, երբ զննում էի այդ անհեթեթ ու գրեթե անհավատալի արվեստի գործն ու ապրանքը: Ինչպիսի՜ գիրք, ինչպիսի՜ կազմ, ինչպիսի՜ տիտղոսաթերթ, ինչպիսի՜ բառեր, ինչպիսի՜ լուսանկար. հիմա նայեք, թե կանայք ինչպե՜ս են խռնվում դրա շուրջը: Քանի որ երիտասարդ գրողը գիրք է գրում` ակնկալելով, որ սիրուն կանայք կխռնվեն դրա շուրջը:
Ավա՜ղ, խռնվողները հազվադեպ են սիրուն լինում: Սա մի առեղծված է, որ շարունակում է մոլորեցնել ինձ: Սիրուն կանայք խռնվում են փոքրամարմին, գիրուկ տղամարդկանց շուրջը, ովքեր փոքր բիզնեսի տեր են: Նրանք խռնվում են այն մարդկանց շուրջը, ովքեր տարբեր հիվանդություններ են բուժում` մատներով ուղղելով հոդերը և երկար-բարակ պատմելով իրենց ձեռքբերումների ու հետաքրքիր դեպքերի մասին: Նրանք խռնվում են այն երիտասարդների շուրջը, ովքեր սև վերնաշապիկ են հագնում և հինգ կոճակ ունեն սպորտային վերնազգեստի թևքերին, ովքեր որևէ տեսանելի ապրուստի միջոց չունեն և ժամեր շարունակ սիրալիր շաղակրատում են անցյալ երեկոյի մի անհեթեթ տափակության շուրջ այնպես, կարծես թե այն պատմական իրադարձություն լիներ:
Սիրուն կանայք խռնվում են բոլորի շուրջը` բացի գրողներից:
Պարզ, խելացի կանայք մասամբ խռնվում են գրողների շուրջը:
Բայց ես շտապեցի տպագրել իմ առաջին գիրքը ոչ միայն այն պատճառով, որպեսզի սիրուն կանայք խռնվեն դրա շուրջը: Խնդիրը միայն դա չէր:
Ես նաև մտադիր էի արմատապես հեղաշրջել ամերիկյան գրականությունը:
Երեսնականների սկզբին «հեղաշրջել» բառը մեծ ժողովրդականություն էր վայելում և, ընդհանուր առմամբ, հարգարժան էր, բայց ամերիկյան գրականությունը հեղաշրջելու իմ հաջողությունն այսօր կարելի է չափել միայն մի առանձնահատուկ ընտրությամբ, որ մոգոնել է մի առանձնահատուկ վիճակագիր: Թե ձևացնենք, որ իմ ստեղծածն ամենևին ազդեցություն չի թողել ամերիկյան գրականության վրա, այնուհանդերձ, ճիշտ չի լինի: Խնդիրն այն է, որ իմ գրականությունը մեծ մասամբ ազդել է անտիպ գրողների վրա, որոնք այդպես էլ մնացին անտիպ, ուստի նման ազդեցությունը չափելը մեծ երևակայություն և համարձակություն է պահանջում: Այն լավ գրողները, որոնց վրա ազդել է իմ ստեղծագործությունը, արդեն տպագրվում էին, ոմանք նույնիսկ վաղուց էին տպագրվում, բայց ճշմարտությունն այն է, որ իմ ստեղծածը հաստատ ազդել է նաև նրանց գրականության վրա, քանի որ գրեթե անմիջապես ես սկսեցի նկատել բարելավումը: Ես դա նկատեցի ո’չ միայն կարճ պատմվածքներում, այլև վեպերում, պիեսներում և, նույնիսկ, կինոնկարներում:
Ի՞նչ ուներ իմ գրականությունը, որ կարող էր օգտակար լինել գրելուն ընդհանրապես:
Ազատություն:
Կարծում եմ` ես ապացուցել եմ, որ եթե գրող ունեք, ուրեմն գրականություն ունեք, և որ գրողն ինքը, քանի դեռ չի դադարել գրել կամ չի մահացել, ավելի մեծ կարևորություն ունի, քան իր գրականությունը:
Այսպիսով, եթե գրող ես, ստիպված չես սպանել քեզ ամեն անգամ, երբ պատմվածք, պիես կամ վեպ ես գրում:
Իսկ ես ինչո՞ւ եմ ցանկանում հեղաշրջել ամերիկյան գրականությունը:
Ես պետք է հեղաշրջեի, քանի որ այն ինձ դուր չէր գալիս, և ես ցանկանում էի հեղաշրջել:
Եվ ինչո՞ւ, որպես գրող, չէի կամենում լուրջ գործել: Մի՞թե չգիտեի, որ խոշոր քըննադատները կերկնչեին գրել իմ գրականության մասին, քանի դեռ լուրջ չեմ գործել: Գիտեի: Ես հրաժարվեցի լուրջ գործելուց, քանի որ լուրջ չէի զգում: Ես չէի զգում, որ պարտավոր եմ լուրջ կամ, նույնիսկ, արժանապատիվ զգալ, քանի որ գիտեի` արժանապատիվ գործելը լոկ մի ստվեր է, որ ծագում է գոռոզամիտ լինելուց: Որոշ գրողներ բնականորեն լուրջ, արժանապատիվ կամ գոռոզամիտ են, բայց դա չի նշանակում, թե նրանք նաև բնականորեն մեծ կամ, նույնիսկ, ազդեցիկ են:
Պարզապես որևէ առեղծվածային կապ չկա լրջության և մեծ գրականության միջև: Որոշ մեծ գրողներ մեծ լրջություն են ունեցել, բայց մեծ մասը գրեթե լրջություն չի ունեցել: Նրանք այլ բան են ունեցել:
Ո՞րն է այդ ուրիշ բանը:
Ես կարծում եմ` դա այն սևեռուն գաղափարն է, որ գրողը ցանկանում է հասու լինել մարդու, բնության և արվեստի մասին եղած հնարավոր ճշմարտությանը` անցնելով ամեն ինչի միջով ու հասնելով իր էության խորքերը:
Ո՞րն է այս հնարավոր ճշմարտությունը:
Այն փոփոխվում է օրեցօր, անշուշտ, նաև տարեցտարի: Կարելի է այդ փոփոխությունը չափել տասնամյակից տասնամյակ, և պատճառն այն է, որ այդ նույն գաղափարով համակված գրողներ (նաև այլ մարդիկ) են եղել:
Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ: Սակայն ազատության այս հույսն ու անհրաժեշտությունը ոչ մի դեպքում չեն նշանակում, թե մարդը պետք է կապարձակ դառնա: Ճիշտ հակառակը, քանզի ազատությունը, իրական ազատությունը, ճշմարիտ ազատությունը կյանքն ու մարդու էությունն ավելի ու ավելի է մոտեցնում կարգուկանոնին, գեղեցկությանը, նրբանկատությանն ու իմաստին, որոնք պահպանելիս մանրամասների մեջ միշտ հարկ է ուղղումներ մտցնել. սրբագրել, զարգացնել, կատարելագործել, ընդարձակել ու ընդլայնել:
Խելամտությունը մուտք է գործում մարդկային կյանքի էության մեջ: Այն պարտադիր թշնամական ընդունելություն է գտնում, թեպետ, անշուշտ, ո’չ ամենուր: Այդ անբարյացակամությունը փոքր-ինչ նվազեցնելու համար խելամտությունը պետք է ուղեկցվի հումորով, որից միշտ ծնվել է ժամանակի լավագույնը: Առանց ժըպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկային ցեղին: Գուցե անհրաժեշտ է հայհոյել, և հայհոյանքը տվյալ պահին գուցե դիպուկ լինի, բայց եթե միաժամանակ չես ժպտում, կոպիտ սխալ ես թույլ տալիս, որը վերացնում է հայհոյանքի օգտակարությունը, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդը չի կարող ապրել առանց հույսի այնպես, ինչպես չի կարող ապրել առանց ոտքի տակի հողի: Կյանքն է իշխում աշխարհին. անանձնական և ազատ կյանքը: Ամեն օր անանուն ապրողները պատմում են իրենց պատմությունները կոչումով գրողների և դիլետանտների օգնությամբ, բայց ամենամեծ պատմություն պատմողը ժամանակը, փոփոխությունը կամ մահն է: Սակայն մահը ո’չ մեր կործանումն է, ո’չ էլ` թշնամին: Ծննդյան կողքին մահը մեր լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը:
Ես վերադարձել եմ Սան Ֆրանցիսկո իմ առաջին գրքի հրատարակության քսանամյակի առթիվ. գրողական կյանքիս սկզբի առթիվ` որպես իմ կենսաժամանակի զորություն, որպես իմ անանուն «ես»-ի, ինչպես և ցանկացած մեկի ու այլոց օգտին քվեարկող ներկայացուցիչ, նրանց օգտին, ում ձգտումները հար և նման են իմ ձգտումներին. ապրել ստեղծագործաբար, ապրել պատվավոր, որքան հնարավոր է` չվիրավորել որևէ մեկին, բավականություն ստանալ մահկանացու լինելուց, չերկնչել ո’չ մահից, ո’չ անմահությունից, անխելքներին ու ձախողակներին նույնիսկ ավելի փայփայել, քան իմաստուններին ու սրբերին, քանի որ նրանք բազում են, հավատալ, հուսալ, աշխատել և այդ ամենն անել հումորով:
Ասել «այո», «ոչ» չասել:
Ի՞նչ խորհուրդ եմ տալիս հավանական գրողին:
Ո’չ մի խորհուրդ, քանի որ ամեն մարդ հավանական գրող է, և այն գրողը, ով գրող է, ո’չ խորհրդի կարիք ունի, ո’չ էլ փնտրում է:
Ի՞նչ կարծիք ունեմ քոլեջներում և համալսարաններում ուսուցանվող գրելու դասընթացների մասին:
Անօգուտ են, դրանք լիովին անօգուտ են:
Գրողը հոգևոր անարխիստ է, ինչպես և ամեն մարդ` իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամենքից ու ամեն ինչից: Գրողը բոլորի լավագույն բարեկամն է և միակ ճշմարիտ թըշնամին` լավ ու մեծ թշնամին: Գրողը ո’չ քայլում է ամբոխի հետ, ո’չ էլ` հրճվում: Այն գրողը, ով գրող է, խռովարար է ու երբեք չի դադարում այդպիսին լինել: Նա չի հարմարվում այն պարզ պատճառով, քանի որ դեռ չկա մի բան, որին արժե հարմարվել: Երբ մի բան կա, որին կիսով չափ արժե հարմարվել, նա դրան էլ չի հարմարվի, կիսով չափ էլ չի հարմարվի: Նա նույնիսկ չի հանգստանա կամ քնի, ինչպես մյուս մարդիկ են հանգստանում կամ քնում: Երբ նա մեռնի, հավանաբար մեռած կլինի այնպես, ինչպես մյուսները, բայց քանի դեռ ողջ է, ողջ է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, նույնիսկ ո’չ այնպես, ինչպես ուրիշ մի գրող: Այն գրողը, ով գրող է, նաև անխելք է: Նա այն մարդն է, ում այս աշխարհում ամենահեշտն է նվաստացնել, ծաղրել, վանել ու արհամարհել. և դա հենց այն է, ինչ պետք է լինի: Նա նաև խենթ է, չափավոր խենթ, բայց ավելի ողջամիտ է, քան մյուսները, օժտված է լավագույն ողջամտությամբ, միակ ողջամտությամբ, որի համար արժե անհանգստանալ. ազատ մարդու աշխույժ, ստեղծագործական, խոցելի, հերոսական, չահաբեկվող, ամբարտավան ողջամտությունը:
Ես գրող եմ, ով գրող է, ինչպես եղել եմ քսան տարի և ակնկալում եմ լինել քսանից ավելի տարիներ:
Ես եկել եմ այստեղ, որ մնամ, ինչպես բոլոր մյուս մարդիկ: Ոչ մեկը որևէ պայթուցիկ նյութ չի օգտագործի մյուսի նկատմամբ: Սա իմանալով, հավատալով սրան` այն գրողը, ով գրող է, չի ծրագրում իր առողջությանը հոգ տանել հետևողականորեն, բայց ծրագրում է գրել իր գրելիքը ավելի ու ավելի նպատակադիր խելամտությամբ, հումորով ու սիրով:
Ես հպարտանում եմ իմ քսան տարիներով, որքան կարելի է` անզարդարուն: Ես հպարտ եմ, որ գրող եմ, այն գրողը, որ ե’ս եմ, և ինձ համար կարևոր չէ, թե մյուսները ինչով են հպարտանում:

1. Կրկնակի ենթատեքստով երգիծական բառախաղ է օգտագործված. «Հողին հանձնեք այստեղ: Հողատարածք (նաև` վիճակահանություն) Ձեր փողի դիմաց», (բոլոր ծանոթ.` թարգմանչի – Դ.Հ.):
2. “Abyssinian boy” – “Abyss” + “sin” + “Armenian” – «դժոխք» + «մեղք» + «հայ» բառերի վանկային համակցումից ստեղծված նորակազմություն:

Անգլերենից թարգմանեց  Դիանա Համբարձումյանը։

Աղբյուրը՝ Գրական թերթ